Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի քիչ արտաքին, որ դառնում է ներքին քաղաքականություն

Մի քիչ արտաքին, որ դառնում է  ներքին քաղաքականություն
22.05.2018 | 00:16

Միայն հակիրճ փաստեր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին այցով մեկնեց Ստեփանակերտ և միջազգային լրատվամիջոցների համար ասուլիսում փաստացի ԼՂ հարցի լուծման իր տեսակետը ներկայացրեց` Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, բանակցությունների համար պայմաններ են պետք: Եղավ հայտարարություն Թուրքիայի վերաբերյալ` Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Հայտարարություններին հետևեցին Ադրբեջանի ու Թուրքիայի արձագանքները: Ընդ որում` Էրդողանի աշխատակազմից հայտարարեցին, որ Թուրքիան հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը, վարչապետ Բինալի Յիլդիրիմը որևէ նախապայման չդրեց, պարզապես տրտնջաց, որ հայերը չեն ընդունում սահմանը: Բաքուն Յիլդիրիմին չպատասխանեց: Փոխարենը նորից կրկնեց, որ ակնկալում է սուբստանտիվ բանակցություններ: Այսինքն` որևէ նորություն Բաքվի օրակարգում չկա, և հազիվ թե Իլհամ Ալիևը մտադիր է կատարել Վինեննայի համաձայնությունը:


Երկրորդ այցը Սոչի էր: ԵԱՏՄ-ն` ԵԱՏՄ, կարևորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն էր: Հետո ռուսները ներկայացրին, որ կարող էին դադար վերցնել և Նիկոլ Փաշինյանին չհրավիրել ԵԱՏՄ նիստին` պատճառաբանելով, որ կառավարության ծրագիրը դեռ հաստատված չէ, բայց հրավիրեցին ու լավ ընդունեցին: Այցը, իհարկե, հիմնականում ճանաչողական էր` ԵԱՏՄ հավերժական նախագահներն ընդունել էին մեկին, որ գահընկեց էր արել իրենց նմանին ու ժպտադեմ նստել էր իրենց դիմաց: Ընդունեք, որ հաճելի վիճակ չէ: Արագ կողմնորոշվեց Լուկաշենկոն ու հայտարարեց, որ Բելառուսը եղել է ու մնալու է Հայաստանի կողքին: Անպատասխանատու հայտարարություն էր` փաստացի Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին շփոթում է Իլհամ Ալիևի հետ:


Նիկոլ Փաշինյանը Սոչիում վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը արտաքին քաղաքականությանը: Ի պատասխան ռուսները որոշել են նոր ռազմական տեխնիկա տրամադրել Հայաստանին` վերականգնելու տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, որ իրենք էլ խախտել են 2010-ից` միլիարդների հարձակողական զենք վաճառելով Ադրբեջանին: Սա Հայաստանը Մոսկվային կապված պահելու փորձ է:
Երրորդ այցը կարող էր լինել Բրյուսել, բայց Նիկոլ Փաշինյանը մերժեց Ֆեդերիկա Մոգերինիի մայիսի 16-ի հրավերը` մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովը դրական գնահատեց առաջընթացը Հայաստանում ու նույնիսկ կոչ արեց մեծացնել ֆինանսական աջակցությունը Հայաստանին ու բանակցություններ սկսել վիզային ռեժիմի պարզեցման համար:
Հաջորդ այցը կլինի Թբիլիսի` մայիսի 26-ին, մասնակցելու Վրաստանի Հանրապետության 100-ամյակին: Բնականաբար կլինի հանդիպում Վրաստանի վարչապետի հետ` հայ-վրացական ընդարձակ օրակարգով:


Դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներից` նրա լեգիտիմությունը ընդունել են ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը և տասնյակ այլ երկրներ:
Մայիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական ՈՒես Միթչելի հետ` քննարկել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև առևտրի ու ներդրումային խորհրդի գործունեությունը: Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որ նրան է փոխանցել ԱՄՆ կառավարության ուղերձը նպատակներին հասնելու գործում Հայաստանին օգնելու պատրաստակամության վերաբերյալ: «ՀՀ կառավարությունը շահագրգռված է և մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությանն ու հնարավոր օժանդակությանը»` դեսպանին ասել է վարչապետը:
Բիզնես հետաքրքրություն են դրսևորել իտալացիները: Մայիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին` համագործակցությունը խորացնելու պատրաստակամությամբ: Անցած շաբաթ կնքվեց Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագիր, որ կարող է նպաստել հայ-իրանական առևտրային կապերի զարգացմանը` առևտրաշրջանառությունը 2 անգամ ավելացնելով` մի շարք ապրանքատեսակների համար իրանական կողմը մաքսատուրքերն իջեցրել է 3 անգամ: Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու պայմանագիրը կնքվել է 3 տարով` օրենսդրական անհամապատասխանություններ կան` Իրանում արգելված է մաքսատուրքը 4 %-ից ցածր սահմանել: Հայաստանի արտաքին առևտրի 4 %-ն է բաժին ընկնում Իրանին՝ 240 մլն դոլար: Իրան-ԵԱՏՄ ազատ գոտու պայմանագիրը ներառում է 900 ապրանքատեսակ: 2017-ից գործում է Մեղրու ազատ տնտեսական գոտին: Իրան-ԵԱՏՄ ազատ գոտու ստեղծումով իրանցի և հայ գործարարները կարող են Մեղրու ազատ գոտում արտադրված ու ցածր ինքնարժեք ունեցող ապրանքներն արտահանել ԵԱՏՄ շուկա: Պայմանագրով նախատեսված ապրանքատեսակների մեջ չկա էներգետիկան: Մնում է հավերժական հարցը` հնարավո՞ր է, որ Հայաստանը սկսի ավելի մեծ ծավալներով գազ ներկրել Իրանից։ Նախկինում հայ պաշտոնատարներն ասում էին, որ իրանական գազը թանկ է ռուսականից:


Իսկ հիմա՞: Հայաստան ներկրվող 2,2 մլրդ խորանարդ մետր գազից 1,8 միլիարդը ներկրվում է Ռուսաստանից, 400 միլիոնը՝ Իրանից: Եթե վերականգնվի արտադրությունը, գազի պահանջարկը ինքնին մեծանալու է և որտեղի՞ց է ներկրվելու: Եթե իրոք Իրանի գազը թանկ է ռուսականից, բանակցության թեմա՞ է, թե՞ ոչ: Սրանք ընդամենը փաստեր են, եզրակացություններ վաղ է անել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ինքնաբերաբար ստացվել է, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության առաջին քայլերի վրա` ստվերում թողնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Իսկ նա միայն մանուկների հետ պաղպաղակ չի ուտում, հանգիստ, անշտապ իր ձեռքն է հավաքում արտաքին քաղաքականության գործառույթները: Նույնիսկ Ռուսաստանում արդեն տեսակետներ են հնչում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում հենց նա կարող է լիազորվել` ներկայացնելու Հայաստանը: Հավելեմ, որ սկսվում են Հայաստանի համար կարևոր իրադարձությունները` Առաջին հանրապետության 100-ամյակից մինչև Ֆրանկոֆոնիայի վեհաժողով, որ ակնհայտորեն սրելու են ո՞վ` ու՞մ հարցը: Կարող է ստացվել արտառոց իրավիճակ, որ տնտեսությունն ու ներքին քաղաքականության խրթին խնդիրները մնան վարչապետին, իսկ արտաքին քաղաքականությունը` սպիտակ ձեռնոցներով նախագահ Արմեն Սարգսյանին: Եվ այդ պարագայում նրանց միջև կոնֆլիկտն ընդամենը ժամանակի հարց է:

Դիտվել է՝ 2732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ